ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ամսական ավելի քան 2 մլն դոլար է վճարում նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Իրանից նրա նախկին օգնականի շուրջօրյա անվտանգության համար

Պետդեպարտամենտը ասում է, որ ամսական ավելի քան 2 միլիոն դոլար է վճարում Պոմպեոյի եւ նրա նախկին օգնականի շուրջօրյա անվտանգության համար, որոնց Իրանի կողմից «լուրջ եւ հավաստի» վտանգ է սպառնում, հաղորդում է AP-ն։

Կոնգրեսին ուղղված զեկույցում գերատեսչությունը հայտնել է, որ Պոմպեոյի եւ Իրանում ԱՄՆ նախկին բանագնաց Բրայան Հուքի անվտանգության ծախսերը 2021թ․ օգոստոսից մինչեւ 2022թ․ փետրվարը 13,1 միլիոն դոլար են կազմել:

Պոմպեոն եւ Հուքը ղեկավարել են Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման» արշավն Իրանի դեմ։ Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ հետախուզությունը գնահատում է, որ կառավարությունից հեռանալուց հետո նրանց հասցեին սպառնալիքները մշտապես կան եւ կարող են աճել։ Սպառնալիքները պահպանվել են նույնիսկ այն ժամանակ, երբ Ջո Բայդենի վարչակազմն անուղղակի բանակցություններ էր վարում Իրանի հետ՝ ԱՄՆ-ին 2015թ․ միջուկային համաձայնագրին վերադարձնելու համար:

Պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո Պոմպեոն ավտոմատ կերպով 180 օր պաշտպանություն է ստացել Պետդեպի դիվանագիտական անվտանգության բյուրոյից: Սակայն այդ պաշտպանությունը բազմիցս 60 օրով երկարաձգվել է ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից՝ «օտարերկրյա տերության կամ օտարերկրյա տերության գործակալի կողմից լուրջ եւ հավաստի սպառնալիքի պատճառով, կապված դեպարտամենտում աշխատելու ժամանակ նախկին պետքարտուղար Պոմպեոյի կատարած պարտականությունների հետ»,- ասված է զեկույցում։

Հուքը, որը Պոմպեոյի հետ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ կիրառվող կործանարար պատժամիջոցների սահմանման ժամանակ հանրային դեմք է եղել, պետական պաշտոնը թողնելուց անմիջապես հետո նույն պատճառով Բլինքենի հատուկ պաշտպանությունն է ստացել, ինչ Պոմպեոն: Այս ռեժիմը նույնպես բազմիցս 60 օրով երկարաձգվել է։

Վերջին 60-օրյա ժամկետները շուտով կլրանան, եւ Պետդեպարտամենտը, Ազգային հետախուզության տնօրենի հետ համատեղ, մինչեւ մարտի 16-ը պետք է որոշի, թե պետք է արդյոք պաշտպանությունը նորից երկարաձգել, ասվում է զեկույցում: