Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումները 2022թ․ կկազմեն 9,1 մլրդ խորանարդ մետր, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

2020թ․ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է TAP գազատարով գազ արտահանել Եվրոպա։ 2021թ․ Եվրոպա (Իտալիա, Հունաստան եւ Բուլղարիա) գազի մատակարարումների ծավալը կազմել է 8,2 մլրդ խորանարդ մետր։

«2022թ․ Թուրքիա մեր գազի արտահանումը կկազմի 8,2 մլրդ խորանարդ մետր, Եվրոպա՝ 9,1 մլրդ խորանարդ մետր»,- Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում ասել է Շահբազովը։

Նրա խոսքով՝ 2020թ․ դեկտեմբերի 31-ից եվրոպացի սպառողներն Ադրբեջանից TAP գազատարով 9,7 մլրդ խորանարդ մետր գազ են ստացել։

Շահբազովը հավելել է, որ Ադրբեջանը գազի զգալի պաշարներ ունի, ինչը արդիական է դարձնում ադրբեջանական գազի մատակարարումների աշխարհագրության ընդլայնման հարցը, եւ «եկել է այս ուղղությամբ գործելու ժամանակը»։

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է ոչ միայն Կասպից ծովում արդյունահանվող գազի, այլ նաեւ քամու էներգիայից ստացվող էլեկտրաէներգիայի արտահանմամբ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանը 2021թ․ 19,2 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանել։