Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Nour News-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանը միակողմանի դադարեցրել է բանակցությունները Սաուդայն Արաբիայի հետ:
Այդ տեղեկատվությունը տարածվել է, երբ Անթալյայում դիվանագիտական ֆորումի շրջանակում Իրաքի ԱԳ նախարար Ֆաուդ Հուսեյնը հայտարարել էր, որ չորեքշաբթի Բաղդադը կընդունի Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունների հինգերորդ փուլը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարխան Ալ Սաուդը բարձրաձայնել էր Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլն անցկացնելու հնարավորության մասին:
Վերջին ամիսներին Իրանի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները մի քանի փուլով բանակցություններ են անցկացրել Բաղդադում:
Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վատթարացել էին 2016թ. հունվարին՝ Սաուդյան Արաբիայում սաուդյան միապետության քննադատ, շիա քարոզիչ շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժից հետո: Այնուհետեւ Էր Ռիադը խզել էր կապերը Թեհրանի հետ՝ Թեհրանում նրա դեսպանատան վրա զայրացած ցուցարարների հարձակմանն ի պատասխան:
Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական արշավը, ինչպես նաեւ 2015թ. սեպտեմբերին սաուդյան Մինա քաղաքում հաջի ժամանակ մահացու հրմշտոցի հետեւանքով իրանցի հարյուրավոր ուխտավորների մահը հող էին նախապատրաստել Թեհրանի ու Էր Ռիադի միջեւ լարվածության խորացման համար, նշում է «Tasnimը»:





























