ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից կենսաբանական զենք պահելու մասին Ռուսաստանի կեղծ հայտարարությունները կարող են Կրեմլի կողմից օգտագործվել որպես առիթ քիմիական հարձակման համար, ինչը, նրա խոսքով, ռազմական հանցագործությանը հավասարազոր կլինի:

«Այժմ, երբ արվել են այդ կեղծ հայտարարությունները, մենք պետք է զգոն լինենք, քանի որ չի բացառվում, որ Ռուսաստանն ինքը կարող է պլանավորել քիմիական զենքի կիրառմամբ գործողություններ այդ ստի ֆոնին»,- ասել է Սթոլթենբերգը: «Դա կլիներ ռազմական հանցագործություն»:

Նա հավելել է, որ Կրեմլը հորինում է կեղծ առիթներ՝ փորձելով արդարացնել այն, ինչը չի կարող արդարացվել, հաղորդում է Politico-ն:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չունի եւ չի ղեկավարում որեւէ քիմիական կամ կենսաբանական լաբորատորիա Ուկրաինայում:

Միեւնույն ժամանակ, Սթոլթենբերգը հերթական անգամ հերքել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու միտքը, քանի որ դա նշանակում է, որ ռուսական ուժերը պետք է հարձակման ենթարկվեն, իսկ դա կարող է հանգեցնել ուղղակի առճակատման եւ անվերահսկելի էսկալացիայի: