Գերմանիան որոշել է ձեռք բերել F-35 ամերիկյան կործանիչ, որպեսզի փոխարինի հնացած Tornado-ն, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Գերմանիայի պաշտպանության նախարարութայն աղբյուրին։

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ փետրվարի սկզբից Գերմանիան որոշել է գնել F-35, բայց վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Tornado-ն գերմանական միակ ռեակտիվ ինքնաթիռն է, որը կարող է կրել Գերմանիայում պահվող ամերիկյան միջուկային ռումբեր, եթե հանկարծ հակամարտություն լինի։ Բայց ՌՕՈւ-ն այդ ինքնաթիռն օգտագործում է 1980-ականներից, եւ Բեռլինը նախատեսում է աստիճանաբար հրաժարվել դրանից 2025-2030թթ. ընթացքում։

Առայժմ պարզ չէ, թե Գերմանիան քանի F-35 է փորձելու գնել։

F-35-ի ձեռքբերումը հարված կհանդիսանա Boeing-ի համար, որի F-18-ը արժանացել էր Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Անեգրեթ Քրամփ-Քարենբաուերի հավանությանը՝ Tornado-ին փոխարինելու համար։

Ամերիկյան կործանիչն օգտագործելու որոշումը կարող է նաեւ հարված լինել Ֆրանսիայի համար։ Փարիզը մտահոգությամբ էր հետեւում Գերմանիայի քննարկումներին F-18-ի կամ F-35-ի ընտրության առիթով՝ անհանգստանալով, որ դա կարող է խափանել ֆրանս-գերմանական համատեղ կործանիչի ստեղծման գաղափարը. կործանիչը պետք է պատրաստ լինի 2040-ական թթ.։