Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների չորրորդ փուլն է ընթանում, այն անցկացվում է առցանց ձեւաչափով։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։
«Բանակցությունների չորրորդ փուլն է։ Խաղաղության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման եւ անվտանգության երաշխիքների մասին։ Դժվար խոսակցություն է»,- գրել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հստակեցրել էր, որ կողմերի բանակցությունները կանցկացվեն մարտի 14-ի առավոտյան՝ առցանց ձեւաչափով։
Նույն ամսաթիվն էր նաեւ նշել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսական եւ ուկրաինական կողմերի միջեւ արդեն բանակցությունների երեք փուլ է անցել։ Վերջին հանդիպումից հետո ուկրաինական կողմը հայտարարել էր, որ հումանիտար միջանցքների հարցում «դրական զարգացումներ» կան, սակայն առայժմ չկան արդյունքներ, որոնք էապես կբարելավեին իրավիճակը Ուկրաինայում։ Իր հերթին ռուսական պատվիրակությունը նշել էր, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունների հերթական փուլից սպասելիքները չեն արդարացել։




























