Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) արտահերթ նիստը, որում երկրի նոր նախագահի ընտրության հարցն է, կանցկացվի Նավրուզ գարնանային տոնից հետո, որն այս տարի նշվում է մարտի 20-ից։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մաջիդ Շանկալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անցյալ շաբաթ երկրի խորհրդարանի փոխնախագահ Շահվան Աբդալլան ասել էր, որ խորհրդարանական խորհուրդը նախագահի քառասուն թեկնածուի անուն է ստացել։ Նա հավելել էր, որ հանրապետության ղեկավարին ընտրելու համար Ներկայացուցիչների խորհրդի նիստը տեղի կունենա «բոլոր թեկնածուներին համապատասխան մարմինների կողմից ստուգելուց հետո»։

Իրաքի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ երկրի գործող ղեկավար Բարհամ Սալեհը, ում թեկնածությունն առաջադրել է Քրդստանի հայրենասիրական միությունը, եւ Ռեբեր Ահմեդը, որը առաջադրվել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության կողմից։

Փետրվարի սկզբին Ներկայացուցիչների խորհուրդը քվորումի բացակայության պատճառով չէր կարողացել քվեարկել եւ նախագահ ընտրել, քանի որ երկրի առաջատար քաղաքական ուժերը բոյկոտել էին խորհրդարանի հատուկ նիստը։