Ճապոնիան եւս 17 ռուսաստանցիների ակտիվները սառեցնելու որոշում է կայացրել՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը հասցնելով 61-ի, հայտնում է Reuters-ը։

Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց բազմաթիվ ռուսաստանցիների, այդ թվում՝ միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգի եւ Պետդումայի 12 պատգամավորների նկատմամբ:

Վեկսելբերգի նկատմամբ պատժամիջոցներ նաեւ Ճապոնիան է կիրառել, ինչպես նաեւ Պետդումայի 11 պատգամավորների եւ բանկիր Յուրի Կովալչուկի ընտանիքի հինգ անդամների նկատմամբ, հայտնում է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը:

Ճապոնիան պատժամիջոցների հարցում G7-ի մյուս երկրներին համահունչ կգործի, ասել է կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչ Հիրոկազու Մացունոն։

Տոկիոն, ի թիվս այլ կազմակերպությունների, նաեւ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի կենտրոնական բանկի եւ յոթ մասնավոր բանկերի, ինչպես նաեւ Բելառուսի տարբեր քաղաքացիների, բանկերի եւ կազմակերպությունների նկատմամբ:

Արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին լրագրողներին ասել է, որ ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը, որում Ռուսաստանը մշտական տեղ ունի, իսկ Ճապոնիան կպնդի, որպեսզի մշտական անդամ դառնա։

Մոսկվայի նկատմամբ առավել խիստ սահմանափակումների շրջանակներում Ճապոնիան նաեւ հայտարարել է, որ կընդլայնի Ռուսաստան արտահանման արգելքը՝ ներառելով 31 ապրանք, ինչպիսիք են կիսահաղորդիչները, կապի սարքավորումները, սենսորները եւ ռադարները, ինչպես նաեւ 26 տեխնոլոգիական փաթեթ: