Պատերազմն Ուկրաինայում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ միասին, վտանգ է ներկայացնում Գերմանիայի տնտեսության համար, Հորդանանի թագավոր Աբդալլահ II հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է CNN-ը։
«Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ այս պատերազմն Ուկրաինայում մեզ համար նաեւ խնդիրներ է ստեղծում պատժամիջոցների տնտեսական հետեւանքների հետ կապված»,- ասել է Շոլցը։ Նրա խոսքով՝ որոշ երկրներ մտահոգություն են հայտնում պարենային անվտանգության հետ կապված՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից մատակարարումների պակասի պատճառով։ «Մենք պետք է համոզվենք, որ մեր տնտեսությունը լավ է տանում այս դժվարին ժամանակները»,- հավելել է նա:
«Ռեցեսիան ավելի ու ավելի հավանական է դառնում»,- երեքշաբթի իր կայքում նախազգուշացրել էր ZEW տնտեսական հետազոտությունների ինստիտուտը: «Պատերազմն Ուկրաինայում եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն վատթարացնում են Գերմանիայի տնտեսական հեռանկարները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինստիտուտը նշել էր Գերմանիայում «տնտեսական սպասումների ամենամեծ անկումը պատմության մեջ»: ZEW-ն սկսել է հետեւել Գերմանիայի տնտեսական զարգացմանը 1991 թվականի դեկտեմբերից:





























