Եվրամիությունն իր պատժամիջոցների վերջին փաթեթի շրջանակներում առաջատար վարկանշային գործակալություններին արգելել է գնահատել Ռուսաստանի եւ երկրի ընկերությունների սուվերեն պարտքը:
«Այս պատժամիջոցները կնպաստեն Կրեմլի վրա տնտեսական ճնշման մեծացմանը եւ կխափանեն Ուկրաինա ներխուժումը ֆինանսավորելու նրա կարողությունը»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: «Դրանք համաձայնեցվել են միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։
Աշխարհի առաջատար վարկանշային գործակալություններից երեքը՝ S&P Global-ը, Moody's-ը եւ Fitch-ը, արգելքը խախտելու դեպքում կարող են զրկվել ԵՄ-ում գործունեության լիցենզիայից։
ԵՄ-ի փաթեթի այլ միջոցները ներառում են ռուսական պողպատյա արտադրանքի ներմուծման արգելք, որը ներկայումս ԵՄ պաշտպանական միջոցների ներքո է գտնվում, դրա վնասը Ռուսաստանի համար կկազմի մոտ 3,3 մլրդ եվրո:
Արգելք է դրվել նաեւ շքեղության այնպիսի պարագաների արտահանման վրա, ինչպիսիք են ավտոմեքենաները եւ ոսկերչական իրերը, ինչպես նաեւ ավելացել է պատժամիջոցների տակ գտնվող հարուստ մարդկանց թիվը, որոնք կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:





























