Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը ներառում է շքեղության պարագաների արտահանման արգելք եւ 35 տոկոս մաքսատուրք՝ 900 մլն ֆունտ սթեռլինգ (1,2 միլիարդ դոլար) արժողությամբ ռուսական ներմուծման համար:
«Արտահանման արգելքը շուտով ուժի մեջ կմտնի եւ նախագահ Պուտինի օրոք հարստացած օլիգարխներին ու այլ վերնախավերին, որոնք աջակցում են նրա անօրինական ներխուժմանը, կզրկի շքեղության պարագաների հասանելիությունից»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ: «Արգելքը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի շքեղ մեքենաներին, մոդայիկ բարձրակարգ հագուստին եւ արվեստի ստեղծագործություններին»:
Մեծ Բրիտանիան «Ռուսաստանին եւ Բելառուսին կմերժի օգտվել իրենց արտահանումների առավել բարենպաստ պայմաններից՝ զրկելով նրանց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության հիմնական առավելություններից»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան հրապարակել է այն ապրանքների ցանկը, ներառյալ օղին, որոնց վրա այժմ 35 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր կդրվեն՝ ի հավելումն առկա ցանկացած մաքսատուրքերի:
Կառավարությունը հայտարարել է, որ երկաթը, պողպատը, փայտանյութը, պղինձը, ալյումինը, արծաթը, կապարը, երկաթի հանքաքարը եւ խմիչքները ռուսական այն ներկրումների շարքում են, որոնք ավելի բարձր մաքսատուրքերի կենթարկվեն:
Բացի այդ, Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ՌԴ նախկին նախագահ եւ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի եւ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ինչպես նաեւ ռուս գործարարների, այդ թվում՝ Միխայիլ Ֆրիդմանի, Պյոտր Ավենի եւ Անդրեյ Մելնիչենկոյի դեմ։





























