Սլովակիան ռազմական ակադեմիայի նախկին սպային եւ մեկ այլ տղամարդու մեղադրել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, հայտնել են ոստիկանությունը եւ հատուկ դատախազը, փոխանցում է Reuters-ը:

Հայտարարությունն արվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն արտաքսեց երեք ռուս դիվանագետի։ Ռուսաստանը հայտարարել է, որ կպատասխանի անհիմն վտարմանը:

Ոստիկանության պետի պաշտոնակատար Ստեֆան Համրանը Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել ռազմական ակադեմիայի նախկին պրոռեկտոր Պավոլ Բ.-ին՝ 2013 թվականից ռուսական ռազմական հետախուզության հետ համագործակցության համար։

«Այդ անձը հետախուզական կապի մեջ էր ռուս սպաների հետ, որոնց համար ռազմավարական նշանակության տեղեկատվություն էր որոնում, հավաքում եւ բացահայտում», - ասել է Համրանը:

Մեկ այլ կասկածյալ, նրա խոսքով, Բոհուս Գ.-ն է՝ կայքի աշխատակից, որը փակվել է կառավարության կողմից այս ամսվա սկզբին ապատեղեկատվություն տարածելու համար: Համրանի խոսքով՝ նա խոստովանել է, որ տեղեկություններ է որոնել խորհրդարանի համար գաղտնի հետախուզական զեկույցներից:

Ամբաստանյալներին 4-ից 13 տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանց մեղքն ապացուցվի։ Ոստիկանության փոխանցմամբ՝ եւս երկու մարդ բերման է ենթարկվել, սակայն ազատ է արձակվել առանց մեղադրանքի ներկայացման:

Հատուկ դատախազ Դանիել Լիպսիչը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը կրկին ուշադրություն է հրավիրել լրտեսական գործունեությանը: «Ռուսաստանի Դաշնությունը Սլովակիային դասել է ոչ բարեկամ պետությունների շարքում, եւ այդ պատճառով այդ գործերին մեծ ուշադրություն կդարձվի»,- ասաց նա։