Կառավարությունում այսօր` հուլիսի 26-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որտեղ ի թիվս այլոց, քննարկվել է դպրոցները նոր համակարգիչներով համալրելու հարցը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգային հարցերի շարքում քննարկվել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի եւ կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների խնդիրը: Այս կապակցությամբ, վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ էր տվել ՀՀ ոստիկանապետին, որոնց կատարման վերաբերյալ զեկուցել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է ՀՀ վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` գունավոր եւ սեւ մետաղների առքուվաճառքի իրականaցման իրավական կարգավորման նպատակով: Արծարծվել են նաեւ կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական եւ համայնքային հողերի, շենքերի ու շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրները:
Մեկ այլ հարցով քննարկվել են էլեկտրոնային առեւտրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, մասնավորապես, մաքսային ոլորտում: Վարչապետի հանձնարարականով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի ոլորտում առկա օրենսդրական բացերը եւ երկամսյա ժամկետում կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
Նիստում բարձրացվել է նաեւ հանրապետության դպրոցները նոր համակարգիչներով համալրելու հարցը: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունն այս տարի այդ նպատակով կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել է 700 մլն դրամ. հանրապետության բոլոր դպրոցներն այսօր ունեն ինտերնետ ու ժամանակակից համակարգիչներ, հետեւաբար, ըստ վարչապետի, հին համակարգիչների տեսակարար կշիռը բավական փոքր պետք է լինի:




























