Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Մելանի Ջոլիի եւ Անիտա Անանդի նկատմամբ։ Նրանց մուտքը Ռուսաստան արգելված է։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ անձնական պատժամիջոցները սահմանվել են«ռուսատյաց մոլեգնության մեջ Վաշինգտոնի հետ մրցող պաշտոնական Օտտավայի կողմից անընդհատ սահմանվող նոր պատժամիջոցներին  ի պատասխան, որոնք տարածվել են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության եւ գրեթե բոլոր պատգամավորների վրա»: Արգելքի տակ են հայտնվել նաեւ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը եւ «պրոբանդերական ագրեսիվ տարրերը»՝ ընդհանուր 313 մարդ։

«Այս քայլը պարտադրված բնույթ է կրում եւ ձեռնարկվել է Կանադայի ներկայիս ռեժիմի՝ պարկեշտության բոլոր սահմաններից դուրս եկող թշնամանքին ի պատասխան, որն այդքան երկար ժամանակ փորձում էր մեր համբերությունը։ Յուրաքանչյուր ռուսատյաց հարձակում՝ թե ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների, թե օդային տարածքի փակման եւ թե Օտտավայի կողմից երկկողմ տնտեսական կապերի փաստացի խզման մասով՝ ի վնաս հենց Կանադայի շահերի, անխուսափելիորեն վճռական եւ ոչ անպայման սիմետրիկ հակահարված կստանա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։