Ուկրաինայում զոհվել է Fox News-ի ֆոտոթղթակից Պիեռ Զակրժեւսկին։
«Մեծ տխրությամբ եւ ծանր սրտով այսօր հայտնում ենք մեր սիրելի օպերատոր Պիեռ Զակրժեւսկու մասին լուրը»,- երեքշաբթի առավոտյան աշխատակիցներին գրել է Fox News-ի ղեկավար Սյուզան Սքոթը: «Պիեռը սպանվել է Ուկրաինայում, Կիեւի մոտ գտնվող Գորենկայում»։
Նա փետրվարից ռեպորտաժներ էր վարում Ուկրաինայից եւ թղթակից Բենջամին Հոլի հետ է եղել, «երբ նրանց մեքենան կրակի տակ է հայտնվել»։
Զակրժեւսկին զինվորական վետերան-ֆոտոլրագրող էր, որը, Սքոթի խոսքով, «լուսաբանել է Fox News-ի գրեթե բոլոր սյուժեները՝ Իրաքից մինչեւ Աֆղանստան եւ Սիրիա»:
Հոլը Ուկրաինայի հիվանդանոցում է, ասել է նա գործընկերներին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ միջադեպի հետեւանքով մահացել է նաեւ ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան։
Fox-ը դեռ չի հաստատել, որ Կուվշինովան իրենց թիմի հետ է աշխատել։





























