ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։

«Ես զրուցեցի Ադրբեջանի նախագահի հետ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման եւ Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհով առաջընթացի կարեւորության մասին։ Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար»,- գրել է նա Twitter-ում։

Ինչպես հայտնել է Պետդեպը, զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի երկկողմ գործընկերության պահպանվող կարեւորությունը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճող ապագային նպաստելու ԱՄՆ-ի հանձնառությունը։

«Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ սրման մասին վերջին հաղորդագրություններին՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ բոլոր առկա խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու համար։ Նա նաեւ ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պահպանելու կարեւորությունը»։

Պետքարտուղարն «ընդգծել է, որ ԱՄՆ-ը, այլ գործընկերների հետ միասին, հանձնառություն ունի, շարունակել պատասխանատվության ենթարկել Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհիմնավորված եւ չարդարացված պատերազմի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։