Այսօր ինտերնետի համաշխարհային օրն է։ Հայաստանն ինտերնետին միացել է 1993 թ.։ Առաջինը մուտքը դեպի ինտերնետ ստացավ «Արմինկո» ընկերությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» Հ/Կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում ինտերնետից օգտվում է 200 հազ. տնային տնտեսություն։
«Այս թիվն իհարկե շատ փոքր է, սակայն պետք է հաշվի առնել, որ այն ոչ թե ինտերնետից օգտվող անձերի թիվն է, այլ տնային տնտեսությունների, իսկ յուրաքանչյուր տնտեսությունում ինտերնետից օգտվում են մի քանի անձ»,-ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ «Ինտերնետ հանրություն» Հ/Կ-ն այս տվյալներն ստանում է մի քանի ընկերությունից։
Նշենք, որ Ինտերնետի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969թ., երբ ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մեկ միասնական ցանցի՝ ARPANET-ի (Advanced Research Projects Agency Network) մեջ, որը համարվում է Ինտերնետի նախատիպը։
Սկբնական շրջանում ցանցը միացնում էին այն ստեղծող չորս գիտական հաստատությունները, բայց շուտով ցանցը սկսեց ակտիվորեն աճել:
1971թ. մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, 1973թ-ին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները` Մեծ Բրիտանիայից եւ Նորվեգիայից եւ ցանցը դարձավ միջազգային: 1983թ. ARPANET-ը սկսեց TCP/IP հաղորդակարգի օգտագործումը, որը կիրառվում է մինչև այսօր:




























