«Յունիբանկն» ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Երեւանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված մայրաքաղաքի բարեկարգման մեծածավալ ծրագրին: Բանկը ֆինանսական աջակցություն` 15 մլն դրամ է տրամադրել Կիեւյան կամրջի լուսավորման աշխատանքների իրականացման համար: Կամրջի երկկողմանի վառ լուսավորումը ոչ միայն կնպաստի անվտանգ երթեւեկությանը, այլեւ գեղագիտական նոր տեսք կհաղորդի 375մ երկարություն, 27մ լայնություն եւ 60մ բարձրություն ունեցող կառույցին: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ինչպես նշել է «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանը, Բանկը որպես «կորպորատիվ քաղաքացի» ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքի սոցիալ-հասարակական կյանքին: «Ուրախ ենք, որ մեզ հնարավորություն է ընձեռվել մեր ավանդը եւս ներդնելու մայրաքաղաքի բարեկարգման գործում: Կիեւյան կամուրջն այն յուրահատուկ ճարտարապետական կառույցներից է, որը նաեւ պետք է ներկայանալի տեսք ունենա: Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում կամրջի երկու կողմերում կտեղադրվի ժամանակակից եւ գեղեցիկ լուսավորություն»,- NEWS.am-ին ասաց Վ.Աթայանը:



























