2011 թ. հուլիսի դրությամբ .am տիրույթում գրանցված է 15 763 am. դոմենային անուն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» Հ/Կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ Նրա խոսքով՝ գրանցված դոմենային անուններից ընդամենը կեսն է պատկանում ՀՀ քաղաքացիներին, իսկ մնացած կեսը այլ երկրների քաղաքացիներինն են։ Հայաստանում դոմեններ սկսել են տրամադրել 1994թ.-ից: «15-16 հազարը բավականին փոքր թիվ է, քանի որ քիչ բնակչություն ունեցող այլ երկրներ ունեն 70-80 հազ. գրանցված դոմենային անուն»,-ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ դոմենային անունների գրանցման ավելացումը անմիջականորեն կապված է Հայաստանում ինտերնետ օգտագործողների թվաքանակի աճի հետ։
«Որքան շատանում է ինտերնետից օգտվողների թիվն, այդքան ավելի շատ են գրանցվում դոմենային անունները, քանի որ մարդիկ հաճախ ցանկանում են ունենալ իրենց անհատական կամ իրենց ընկերության ինտերնետային կայքը»,-ասաց Գ. Սաղյանը։




























