Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 26-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ քննարկել են ՀՀ-ում անցկացվելիք մարդահամարին ԱՄՆ տեխնիկական օժանդակությանը վերաբերող խնդիրը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ էներգետիկ ուսումնասիրությունների վերաբերյալ ստորագրված հուշագրին, Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին,  Հայաստանում մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարին ուղղված միջոցառումներին եւ արդյունքներին:

Կողմերը խոսել են նաեւ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում անցկացվելիք հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքների վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր: