Հրազդան քաղաքում վերջերս բացվել է YEREVAN SET սուպերմարկետը, որի լոգոն շփոթելու աստիճան նման է YEREVAN CITY սուպերմարկետի լոգոյին: Հարկ է նշել, որ Հրազդանում գործող սուպերմարկետը որեւէ առնչություն չունի Սամվել Ալեքսանյանի բիզնեսի հետ, որին էլ պատկանում է YEREVAN CITY ապրանքանիշը: Ակնհայտ է, որ գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ (ուրիշին պատկանող ապրանքանիշի շփոթելու աստիճան նմանակում): YEREVAN SET-ի լոգոն այն աստիճան նման է YEREVAN CITY-ի լոգոյին, որ գնորդը միայն ուշադիր զննելու դեպքում կարող է կռահել տարբերությունը: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Հրազդանի YEREVAN SET սուպերմարկետի նկատմամբ վարույթ կհարուցվի:
Հետաքրքրիր է, որ անբարեխիղճ մրցակցությամբ Հայաստանում ամենահայտնին հենց Սամվել Ալեքսանյանի ընկերություններն են: Նախորդ տարիներին ՏՄՊՊՀ-ն մի քանի վարույթ է հարուցել Ս. Ալեքսանյանին պատկանող «Սալեքս Գրուպ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունների դեմ`ուկրաինական եւ ռուսական օղիների ապրանքանիշերը նմանակելու եւ սպառողներին մոլորության մեջ գցելու հիմքով:



























