Ռուսական VK Group տեխնոլոգիական ընկերությունը որոշել է վերագործարկել ICQ հաղորդագրությունների ծառայությունը եւ MyTeams կորպորատիվ մեսենջերը։ Այս մասին «Վեդոմոստի» թերթին հայտնի է դարձել աղբյուրներից։

Նշվում է, որ հարթակների վերագործարկման հնարավորությունը VK Group-ի թոփ-մենեջերները քննարկել են 2022 թվականի սկզբին։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ գաղափարը նոր թափ է ստացել Ռուսաստանից որոշ արտասահմանյան ընկերությունների դուրս գալուց եւ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո։ Ինչպես մանրամասնեց զրուցակիցը, նախագիծն արդեն սկսել է քննարկվել ՌԴ իշխանությունների հետ։ Սպասվում է, որ ICQ-ի եւ MyTeams-ի նոր տարբերակները կներկայացվեն մինչեւ այս տարվա ամառ։

Պարբերականի մեկ այլ զրուցակից պատմել է, որ VK Group-ը պատրաստվում է շուտով գործարկել նոր հաղորդագրությունների ծառայությունը, սակայն խոսքը ICQ-ի մասին չէ։ Նրա խոսքով՝ մեսենջերը կթողարկվի գոյություն ունեցող MyTeams նախագծի հիման վրա։

Թե ինչով կտարբերվեն մեսենջերների նոր տարբերակները ներկայիսներից, դեռ չի բացահայտում: Ընկերությունում առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից: