ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել են Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ հրադադարի պահպանման եւ Հարավային Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնմանն առնչվող հարցեր։

Փաշինյանը տեղեկացրել է նաեւ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։

«Հաստատվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։