Հայաստանի իշխող կոալիցիան Հայ ազգային կոնգրեսի հետ պատրաստ է քննարկել ցանկացած, նույնիսկ ամենասուր հարցեր, քանի որ օրակարգի սահմանափակումն ինքնին ձախողում կնշանակեր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԱԿ-ի հետ բանակցող խմբի աշխատանքային խմբի ղեկավար, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ՀԱԿ-ի՝ արտահերթ ընտրությունների մասին առաջարկը երկխոսության օրակարգ ներառելը դեռ չի նշանակում, որ իշխող կոալիցիան կարծում է՝ դրա համար ինչ-ինչ նախադրյալներ կան։
Խոսելով ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարության մասին, որ եթե մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր իշխանությունները չգնան արտահերթ ընտրությունների, ՀԱԿ-ը կգնա առճակատման, Հարությունյանը նշեց. «Ես շատ բարձր կարծիք ունեմ մեր ընդդիմախոսների մասին եւ կարծում եմ, որ այս հայտարարությունն արվել է բացառապես տակտիկական նկատառումներից ելնելով»։
Խորհրդարանականն այնուհետ նկատեց, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունից հաղթած է դուրս գալու ժողովուրդը։




























