2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 314.8 մլրդ դրամ (մոտ 855 մլն դոլար) հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 99.9 տոկոսը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Սակայն 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 10 տոկոսով:

Հարկերի եւ տուրքերի 48 %-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 151 մլրդ դրամ (մոտ 410 մլն դոլար) և 5.9%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերի մեծ բմասը շարունակվում է ստացվել ՀՀ սահմանին հարկումից, սակայն եկամուտների աճն առավելապես ապահովվել է ներքին շրջանառությունից ստացված մուտքերի հաշվին:

Բյուջեի երկրորդ խոշոր հարկատեսակը շահութահարկն է, որը կիսամյակի արդյունքներով կազմում է 56.6 մլրդ դրամ (մոտ 150 մլն դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 30.2%-ով` սա հարկատեսակների գծով ամենամեծ աճն է:

Հաջորդ խոշոր հարկատեսակը եկամտահարկն է` 37.4 մլրդ դրամ (մոտ 100 մլն դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.6%-ով: 

Պետական բյուջեի հարկային եկամուտների 5.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` շուրջ 17.8 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար): Ընդ որում` ներմուծման ակցիզը ավելի քան 2 անգամ գերազանցում է հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքատեսակների հարկմանը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 17.6 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար) կամ հարկերի 5.6%-ը, եւ 15.7%-ով գերազանցել 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:

10 մլրդ դրամ է հավաքագրվել հաստատագրված հարկերի տեսքով, ինչը 7.3 տոկոսով զիջում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը: Դա հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով: