Չիլիի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) չորեքշաբթի հավանություն է տվել արտակարգ դրության նոր երկարաձգմանը երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններում՝ միգրացիոն ճգնաժամի եւ հանցագործության աճի պատճառով։ Ավելի վաղ այդ միջոցառմանը կողմ էր հանդես եկել նաեւ Պատգամավորների պալատը (ստորին պալատ), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սենատը 39 կողմ ձայնով հավանություն է տվել արտակարգ դրության երկարաձգմանը Արիկա, Պարինակոտա, Թամարուգալ եւ Էլ Լոա նահանգներում։ Մեկ մարդ դեմ է քվեարկել, երկուսը ձեռնպահ են մնացել»,- Twitter-ում հայտնել է խորհրդարանի վերին պալատը։ Ստորին պալատում արտակարգ դրության երկարաձգմանը կողմ է քվեարկել 142 պատգամավոր, երեքը՝ դեմ, մեկը ձեռնպահ է մնացել:
Չիլիի հյուսիսում փետրվարի 16-ին նախկին նախագահ Սեբաստիան Պինյերայի որոշմամբ արտակարգ դրություն էր մտցվել։ Միջոցառումը թույլ է տալիս կարգուկանոնի պահպանման գործում զինվորականների ներգրավվել: Չիլիի նոր նախագահ Գաբրիել Բորիչը, ով պաշտոնը ստանձնել էր մարտի 11-ին, ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է խորհրդարանին խնդրել երկարաձգել արտակարգ դրությունը
2021 թվականին կտրուկ աճել էր Բոլիվիայից եւ Պերուից անօրինական կերպով Չիլի մուտք գործած վենեսուելացի միգրանտների թիվը։ Սահմանը հատելուց հետո նրանք հաճախ կանգ են առնում երկրի հյուսիսի խոշոր քաղաքներում։ Բնակիչները բողոքում են հանցավորության աճից եւ բողոքի ցույցերի են դուրս գալիս, որոնք մի քանի անգամ ավարտվել են փողոցում վրաններում ապրող միգրանտների ունեցվածքի հրկիզմամբ։





























