Սմոլենսկում տեղի ունեցած Լեհաստանի նախագահի օդանավի վթարի մեղքի մեծ մասը Լեհաստանը կվերցնի իր վրա։ Այս մասին լեհական Newsweek Polska եւ Fakt պարբերականներին հղումով գրում է «Մոսկովսկիյե նովոստի» թերթը։ Ըստ այդմ՝ Լեհաստանի նախագահի Լեհ Կաչինսկիի մահվան պատճառ դարձած օդանավի վթարի վերաբերյալ Լեհաստանի կառավարության զեկույցի հեղինակներն աղետի մեղավորներին համարում են հիմնականում լեհական կողմին։
Լեհաստանի արտգործնախարար Եժի Միլլերի գլխավորությամբ ստեղծված վթարի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի զեկույցը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին է փոխանցվել հունիսի վերջին։
Տուսկը հանձնարարել էր զեկույցը թարգմանել անգլերեն եւ ռուսերեն։ Լեհաստանի վարչապետը խոստացել էր, որ զեկույցի գլխավոր դրույթները կհրապարակվեն հուլիսի 29-ից ոչ ուշ։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տեղեկությունների համաձայն՝ վթարի մեղավորների թիվը կարող է հասնել մինչեւ 150 մարդու, սակայն ինչպես Newsweek Polska-ին տված հարցազրույցում նշել է Եժի Միլլերը, զեկույցում ոչ մի անուն չկա նշված։ Միայն փաստերի վերլուծություն է, իսկ մեղավորությունը պետք է սահմանի դատախազությունը։
Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում մահացել են Լեհաստանի նախագահը եւ եւս 96 մարդ։




























