Մենք այստեղ հավաքվել ենք շատ կարևոր արձանագրումներ անելու. նախ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում․ դրա համար ամենանվիրական զոհողությունն է մատուցվել հայրենիքին և հայ մարդուն։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ԱԳՆ շենքի առջև հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այլ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ՝ կբացահայտեն իրենց կոլաբորացիոնիստ տեսակը, թուրք-ադրբեջանական օրակարգի առաջմղումը և դրա սպասարկումը։ Ցավոք, այսօր հայկական պետականությունը ղեկավարում է հենց այդ տեսակը, որը պատեհ-անպատեհ առիթով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը։ Բացի սպասարկելուց, փորձում է պարտադրել այդ օրակարգը հայ մարդուն, իրեն արտոնում է բանակցելու և որոշելու հայ մարդու ապագան ու ներկան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա արեց երկրորդ արձանագրումը՝ համասփյուռ հայ ժողովրդի արդար դատը սակարկման ենթակա չէ. «Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այս օրակարգը սակարկման առարկա դարձնել, կփաստեն իրենց թուրք-ադրբեջանական տանդեմի, օրակարգի սպասարկու լինելը»։
«Մեր պայքարը չի ավարտվելու, քանի դեռ չենք ազատվել թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը սպասարկողներից, չենք վերականգնել մեզանից դավադրաբար խլված հայրենիքի տարածքային ամբողջականությունը։ Արցախահայության ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, հայ մարդու արժանապատվությունը սակարկելի չէ, հայ դատը սակարկելի չէ»,- հայտարարեց Ասպրամ Կրպեյանը։
Նշենք, որ ԱԳ նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ, որոնք երթով շարժվել են դեպի կառավարության շենք: ԱԳՆ-ի, ինչպես նաեւ կառավարության շենքերը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբը հայտարարությամբ միացել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ բողոքի այս ակցիային:





























