Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է երկրի վիճակագրական ինստիտուտի ղեկավարի երկու տեղակալներին, գրում է Ahval-ը։
Նրանց ազատումը վերջինն է այն հաստատության «մաքրման» ժամանակ, որին հանձնարարված է հաշվարկել հիմնական տնտեսական տվյալները, ներառյալ ինֆլյացիան, արտաքին առեւտուրը եւ համախառն ներքին արդյունքը:
Նախագահը հունվարի վերջին պաշտոնից ազատել եւ փոխարինել էր Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) ղեկավարին։ Ընդհանուր առմամբ, 2018թ․ սեպտեմբերից, երբ Թուրքիան խորհրդարանական ժողովրդավարությունից նախագահական կառավարման համակարգի անցավ, TÜİK-ը 5 ղեկավար է փոխել։
Ինֆլյացիայի եւ այլ հիմնական տնտեսական ցուցանիշների մասին հաշվետվությունների համար TÜİK-ը քննադատության է ենթարկվել ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքական ընդդիմության կողմից։ Անցյալ տարի սոցհարցումները ցույց են տվել, որ թուրքերի մեծ մասը չի հավատացել սպառողական գների ինֆլյացիայի վերաբերյալ TÜİK-ի հրապարակած տվյալներին՝ համարելով, որ այն շատ ավելի բարձր է, քան պաշտոնապես հայտարարվածը։ Փետրվարին տարեկան ինֆլյացիան արագացել է մինչեւ 54,4 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու տասնամյակի ընթացքում։
Էրդողանը փոխել է նաեւ կազմակերպության տարածաշրջանային ղեկավարներին։ 2020թ․ հունիսին նա աշխատանքից ազատել է Անթալիա, Բուրսա, Դենիզլի, Էդիրնե, Ստամբուլ, Կաստամոնա, Կոնիա, Մանիսա, Սիիրթ եւ Տրապիզոն նահանգների համար պատասխանատու 10 տարածաշրջանային տնօրենների։
Թուրքիայի նախագահը երեք տարուց պակաս ժամկետում նաեւ երկրի կենտրոնական բանկի երեք կառավարիչների է փոխել: Սեպտեմբերին կենտրոնական բանկը Էրդողանի հրամանով սկսել է նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած ինֆլյացիայի կտրուկ աճին: Բազային դրույքաչափն այժմ 14 տոկոս է՝ օգոստոսի 19 տոկոսի համեմատ։



























