Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշում երեք ադրբեջանցի ընդդիմադիրների հայցի բավարարման վերաբերյալ: Վերջիններս կալանավորվել էին 2003 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Նրանք են՝ «Մուսաֆաթ» կուսակցության կենտրոնական գործադիր ապարատի ղեկավար Արիֆ Գաջիլին, Դեմկուսի ղեկավար Սերդար Մամեդովը, ընդդիմադիր ակտիվիստ Պանահ Հուսեյնը, «Ենի Մուսաֆաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Աբասովը:
Համաձայն դատարանի որոշման՝ Ադրբեջանի իշխանությունները պարտավորվում են որպես փոխհատուցում նրանցից յուրաքանչյուրին վճարել 10 հազար եվրո: Բացի այդ, 3200 եվրո էլ նրանք պետք է վճարեն Սարդար Մամեդովին եւ Պանահ Հուսեյնին փաստաբանական ծախսերի համար: Արիֆ Գաջիլիին նույն՝ փաստաբանական ծախսերի համար ադրբեջանական իշխանությունները պետք է վճարեն 3 հազար եվրո, իսկ Ռաուֆ Աբբասովին՝ 1500 եվրո:
Բոլոր վճարումները պետք է կատարվեն երեք ամսվա ընթացքում առանց որեւէ հարկային պահումների: Բոլոր չորս ընդդիմադիրները ձերբակալվել եւ դարապարտվել էին 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտվել էին 4-5 տարի ազատազրկման:
Սակայն կես տարի անց նրանք համաներմամբ ազատ էին արձակվել: Եվրադատարանը գտել է, որ նրանց նկատմամբ իրականացվել է անօրինական դատավարություն եւ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ:
Ավելի վաղ Սարդար Ջալալօղլուն Եվրադատարանում արդեն շահել էր դատը եւ Ադրբեջանի կառավարությունը նրան անօրինական կալանավորելու համար որպես փոխհատուցում վճարել էր 10 հազար եվրո, հայտնում է contact.az-ը:




























