Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրամայել է հետաքննություն սկսել այն բանից հետո, երբ ինքնակոչը, որը ներկայացել է որպես Ուկրաինայի վարչապետ, զանգել է նրան եւ մի քանի «մոլորեցնող հարց» ուղղել։

«Այսօր ինձ հետ փորձեց խոսել մի ինքնակոչ, որն իրեն ներկայացնում էր որպես Ուկրաինայի վարչապետ։ Նա մի քանի մոլորեցնող հարց ուղղեց եւ այն բանից հետո, երբ ես սկսեցի կասկածել, ես ընդհատեցի խոսակցությունը»,- գրել է Ուոլեսը Twitter-ի իր էջում: «Ոչ մի ռուսական ապատեղեկատվություն, ոչ մի խեղաթյուրում եւ կեղտոտ հնարք չեն կարող շեղել ուշադրությունը Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումներից եւ Ուկրաինա անօրինական ներխուժումից։ Հուսահատ փորձ»,- հավելել է նա։

Գերատեսչության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ուոլեսը հրամայել է անհապաղ հետաքննել, թե ինչպես կարող էր տեղի ունենալ միջադեպը:

Ուոլեսը բրիտանացի առաջին նախարարը չէ, որը հայտնվել է խաբեության ծուղակում։

2018թ․ մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որն այդ ժամանակ արտաքին գործերի նախարար էր, միջազգային հարաբերությունների մասին խոսել է պրանկերի հետ, որն իրեն ներկայացրել է որպես Հայաստանի վարչապետ։