Ավստրալիան դատի է տալիս Facebook Meta-ի սեփականատիրոջը՝ կրիպտոարժույթի սխեմաների գովազդի համար, որոնք կեղծ կերպով պնդում էին, որ մի շարք հայտնի գործիչներ աջակցում են դրանց, փոխանցում է AFP-ն։

Ավստրալիայի Սպառողների պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ Դաշնային դատարանը գործ է հարուցել Meta Platforms-ի դեմ՝ «կեղծ, մոլորության մեջ գցող վարքագծի» համար՝ սպառողների կամ արժեթղթերի պաշտպանության մասին օրենքների խախտմամբ:

Meta-ն մեղադրվել է նրանում, որ բավարար քայլեր չի ձեռնարկել կրիպտոարժույթների կողծ գովազդի կամ փող աշխատելու սխեմաների դադարեցման համար, նույնիսկ՝ նրանից հետո, երբ Facebook-ում տեղադրված նմանատիպ գովազդներով մոլորության մեջ հայտնված հայտնի մարդիկ նախազգուշացում են արել:
Սոցցանցերի հսկան հայտարարել է, որ համագործակցել է Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների հանձնաժողովի հետ:

Հանձնաժողովի տվյալներով՝ գովազդում նկարահանվել են հայտնի ավստրալացիներ, այդ թվում՝ Նոր Հարավային Ուելսի նախկին վարչապետ Մայք Բերդը եւ գործարար Դիկ Սմիթը: Սակայն գովազդներում ներկայացված հայտնիները երբեք հավանություն չեն տվել կամ աջակցել այդ սխեմաներին, ասվում է հաղորդագրության մեջ:

«Սպառողների համար անհաշվելի վնասից բացի, այդ գովազդը նաեւ վնաս է հասցնում գովազդի հետ կեղծ առնչվող հասարակական գործիչների հեղինակությանը»,- ասել է հանձնաժողովի նախագահ Ռոդ Սիմսը: «Meta-ն բավարար քայլեր չի ձեռնարկել՝ հանրային դեմքերի մասնակցությամբ կեղծ գովազդը  դադարեցնելու համար, նույնիսկ՝ այն բանից հետո, երբ այդ հասարակական գործիչները Meta-ին տեղեկացրել են, որ իրենց անունը եւ պատկերը հայտնվել են կրիպտոարժույթի խարդախ գովազդում»,- ասել է նա:

Հանձնաժողովը հայտարարել է, որ տեղյակ է մեկ սպառողի մասին, ով ավելի քան 650.000 ավստրալիական դոլար (480.000 դոլար) է կորցրել խարդախության հետեւանքով: