Երբ չկա սահմանազատում, սահմանագծում, իրենք ամեն րոպե այդ զիջողական քաղաքականությունը շարունակում են, փորձում են արդարանալ, թե բա էդ տարածքը Հայաստանի սուվերեն տարածքը չի: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով լուրերին, որ հակառակորդը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում մեկ կմ առաջ է եկել եւ վրաններ դրել, իսկ ՀՀ ՊՆ-ն ասում է, որ հայկական տարածք չեն մտել, նրանք ընդամենը վերադարձել են իրենց հին դիրքերը:

«Երբ չկա որեւէ փաստաթուղթ ստորագրված, տրամաբանությունը հուշում է, որ այն տարածքը, որտեղ դու կանգնած ես, դա քո երկրի տարածքն է: Նման ձեւով խուսափել, ասել՝ ձմեռը գնացել էին, հիմա վերադարձել են, անընդունելի է: Անցած 30 տարվա մեջ միշտ էլ եղել է՝ ցանկացած դատարկ հենակետ զբաղեցնելը: Տրամաբանությունը հուշում է, որ դու քո բնակիչների անվտանգությունն ապահովելու համար պետք է որոշակի միջոցառումներ իրականացնեիր, որը չի արվել: Այս նույն տրամաբանությունը գործել է եւ Գեղարքունիքի, եւ Վայոց Ձորի, եւ Սյունիքի հատվածներում»,-ասաց նա: