Հայաստանի արտգործնախարարության առաջարկով կառավարության հուլիսի 28-ի նիստի օրակարգ է մտել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծ (ՀՀ նախագահի հրամանագրին հավանություն տալու մասին):
Դեսպանատան պահպանման նպատակով անհրաժեշտ է տարեկան մոտ 43.4 մլն դրամ (մոտ 115 հազ. դոլար): Սակայն խնդիրն այն է, որ ֆինանսների նախարարությունն ինչ-ինչ պատճառներով նշված գումարը չի ներառել ՀՀ պետական միջնաժամկետ (2012-14 թ.թ.) ծախսերի ծրագրում, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել է արտգործնախարարությանը:
Վերջինս սակայն պնդում է դեսպանատուն ստեղծելու անհրաժեշտությունը, եւ կարողացել է հարցը մտցնել կառավարության նիստի օրակարգ:
Նշենք, որ Հարավային Կովկասում Դանիան դեսպանություններ չունի, սակայն Բաքվում գործում է հյուպատոսարան: Կիեւում Դանիայի դեսպանը համատեղությամբ դեսպան է նաեւ Երեւանում եւ Թբիլիսիում:
Հարավային Կովկասի երկրներից Կոպենհագենում առայժմ դեսպանություն ունի միայն Վրաստանը:



























