ՄԱԿ-ը տեղեկություններ չունի Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրի մասին, համաշխարհային կազմակերպությունը նման ծրագրերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության տվյալները ճշտելու ոչ իրավասություն ունի, ոչ հնարավորություն։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն։
«ՄԱԿ-ը իրազեկված չէ նման ռազմական ծրագրերի մասին։ Կցանկանայի նաեւ նշել, որ ՄԱԿ-ը ներկայումս այդ տեղեկատվությունը ստուգելու ոչ մանդատ, ոչ օպերատիվ կամ տեխնիկական հնարավորություն չունի»,- ասել է նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորման համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմական կենսաբանական ծրագրին եւ, մասնավորապես, զբաղվել են ժանտախտի ու սիբիրյան խոցի հարուցիչներով: Ուկրաինայի տարածքում ձեւավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատել են Պենտագոնի օգտին, հայտնել էր ՌԴ ռազմական գերատեսչությունը։





























