ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մտադիր է փակել ԱՄՆ արտահանման վերահսկողության արգելքները Ռուսաստանի կողմից շրջանցելու բոլոր սողանցքները: Արդեն պատրաստ է հարյուր ինքնաթիռների ցուցակը, որոնք այլեւս չեն կարողանա երկինք բարձրանալ, բայց որոնք մինչեւ վերջերս թռչում էին Ռուսաստան։
Ցուցակում, ըստ Reuters-ի, ներառված են նաեւ ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի Gulfstream G650 ինքնաթիռը, ինչպես նաեւ 99 Boeing ինքնաթիռներ, որոնք շահագործվում են մարդատար եւ բեռնափոխադրող ընկերությունների, այդ թվում՝ Aeroflot-ի, AirBridge Cargo-ի, Utair-ի, Nordwind-ի, Azur Air-ի եւ Aviastar-ի կողմից։
ԱՄՆ Առեւտրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «այդ ինքնաթիռներով Ռուսաստանից բոլոր միջազգային թռիչքները փաստացի արգելված են»:
Գերատեսչությունը ամբողջ աշխարհում նախազգուշացում կտարածի այն մասին, որ այս ցուցակում ներառված ինքնաթիռների ցանկացած լիցքավորում, սպասարկում, վերանորոգում կամ պահեստամասերի ու այլ ծառայությունների տրամադրում խախտում է ԱՄՆ արտահանման վերահսկողությունը: Բոլոր խախտողներին, ըստ Reuters-ի, սպառնում է քրեական հետապնդում՝ ըստ ԱՄՆ օրենսդրության, որը ներառում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք են «արտահանման արտոնություններից զրկումը, տուգանքները, ազատազրկումը եւ այլ սահմանափակումները»:
ԱՄՆ առեւտրի նախարար Ջինա Ռայմանդոն Reuters-ին ասել է, որ Միացյալ Նահանգները «հրապարակում է այս ցուցակը, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրի այն փաստի վրա, որ թույլ չի տա ռուսական եւ բելառուսական ընկերություններին եւ օլիգարխներին անպատիժ ճանապարհորդել»՝ խախտելով արտահանման վերահսկման պատժամիջոցները։
Թռիչքի արգելքը վերաբերում է ԱՄՆ-ի արտադրության բոլոր ինքնաթիռներին կամ այն ինքնաթիռներին, որոնց ավելի քան 25 տոկոսը պատրաստված է ամերիկյան արտադրության մասերից, եւ որոնք փետրվարի 24-ից հետո են վերաարտահանվել Ռուսաստան:
Գործակալությունը հրապարակում է ինքնաթիռների կոնկրետ համարներ, այդ թվում՝ 33 Boeing-ի, որոնք շահագործվում են «Աերոֆլոտ»-ի կողմից, եւ 12 Boeing-747 բեռնատար ինքնաթիռների, որոնք շահագործվում են Ռուսաստանի ամենամեծ բեռնափոխադրող «Վոլգա-Դնեպր»-ի ստորաբաժանում AirBridge Cargo-ի կողմից:
Այս շաբաթ Reuters-ը հայտնել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սահմանված պատժամիջոցների պատճառով ռուսական ավիաընկերությունները մի քանի շաբաթ ունեն, որպեսզի կազմակերպեն ինքնաթիռների արգելված մասերի այլընտրանքային մատակարարումները կամ դադարեցնեն թռիչքները՝ անվտանգության խնդիրներից խուսափելու համար:
Այս ամսվա սկզբին ամերիկյան Boeing ավիաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է ռուսական ավիաընկերությունների պահեստամասերի մատակարարումը, տեխնիկական սպասարկումը եւ տեխնիկական աջակցությունը։
ԱՄՆ-ը, Կանադան եւ ԵՄ-ն արդեն փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար, ինչը ստիպել է Ռուսաստանին չեղարկել միջազգային չվերթների մեծ մասը։





























