Բելգիայի իշխանություններն Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիայի հետ կապված էներգակիրների գների կտրուկ աճի ֆոնին եւս տասը տարով հետաձգել են 2025 թվականին նախատեսված ատոմակայանների փակումը, գրում է Deutsche Welle-ն։

Բրյուսելի կառավարությունը որոշել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր երկու նորագույն միջուկային ռեակտորների շահագործման ժամկետը տասը տարով երկարաձգելու համար, Twitter-ի իր էջին գրել է վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։

Նրա խոսքով՝ միաժամանակ Բելգիայի կառավարությունը մտադիր է արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու գործընթացը՝ երկրի էներգետիկ անկախությունն ամրապնդելու համար:

Բելգիան այժմ յոթ ռեակտորով  երկու ատոմակայան ունի: Ատոմային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու խոստումը Բելգիայի օրենսդրությամբ ամրագրված է 2003 թվականից: Ուրբաթ ներկայացված պլանների համաձայն՝ իշխանությունները համաձայնել են «Դուլ» եւ «Տիանժ» ատոմակայանների «Դուլ-4» եւ «Տիանժ-3» ռեակտորների շահագործման ժամկետը երկարաձգել մինչեւ 2035 թվականը։ Այժմ կառավարությունը պատրաստվում է քննարկել նոր ծրագրերի արժեքը եւ իրականացումը ֆրանսիական Engie էներգետիկ կոնցեռնի հետ, որին երկու ատոմակայան է պատկանում Բելգիայում:
Բելգիական «Տիանժ» ատոմակայանը գտնվում է Լիեժից ոչ հեռու եւ գերմանական Աախենից մոտ 70 կմ հեռավորության վրա, իսկ «Դուլ»-ը՝ Անտվերպենի մոտ եւ Գերմանիայի սահմանից մոտ 150 կմ հեռավորության վրա։ Գերմանացի փորձագետները դրանց շահագործումը ոչ անվտանգ են համարում: