«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը շարունակում է պայքարը գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ, գրում է «Հայոց աշխարհը»՝ շարունակելով. «Ավելի ճիշտ` ընդդիմադիր պատգամավորը պայքարում է ոչ թե անձնապես Սամվել Ալեքսանյանի, այլ գործարար-պատգամավորին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության կողմից, իր կարծիքով, բարեխիղճ բիզնեսի եւ ազնիվ մրցակցության պայմանները խախտելու դրսեւորման ու դրա հետեւանքների դեմ։  

Երեկ, օրինակ, Ստյոպա Սաֆարյանը վերստին «պատգամավորական գրություններ» է հղել երկրի գրեթե բոլոր ղեկավարներին՝ նախագահին, վարչապետին, համապատասխան կառույցների պատասխանատուներին՝ առողջապահության, ֆինանսների նախարարներին, ՏՄՊՊ հանձնաժողովի ու ՎՊ նախագահներին, վերջապես գլխավոր դատախազին։ Եվ որքան էլ հասկանալի լինեն այս նախընտրական տարում ընդդիմադիր պատգամավորի հետեւողական ահազանգերի քաղաքական դրդապատճառները, ինքնին ուշագրավ են նրա շարունակական նամակներում ու հայտարարություններում արծարծվող հանգամանքները։

 Ինչի՞ մասին է խոսքը։

 Ըստ Ս.Սաֆարյանի ներկայացրած տվյալների, Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեղորայքային կարիքները բավարարելու նպատակով հայտարարված մրցույթից հետո (2010թ. նոյեմբերի 13) տեղի են ունեցել, մեղմ ասած, տարօրինակ զարգացումներ։ Նշված մրցույթում, որին մասնակցել է նաեւ «Նատալի ֆարմը», հաղթող է ճանաչվել «Սզնի» ՍՊԸ-ն, որի հետ էլ պետք է 11 անուն դեղորայքի գնման պայմանագիր կնքեր պետական բուժհաստատությունը, որ գնումներն էլ, ի դեպ, հարկատուներիս միջոցներով, այսինքն՝ պետբյուջեի հատկացումներով է կատարում։

Սակայն, ինչպես նշում է Ս.Սաֆարյանը, «Նատալի ֆարմի» ղեկավարությունը մրցույթից հետո «խորամանկ հնարքի» է դիմել։ Ավելի կոնկրետ, այդ ընկերությունը որպես «բարեգործություն» «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրին» նվիրել է 1 տեսակի հենց այնքան դեղորայք, որքան պետք է, ըստ մրցույթի պայմանների, այդ դեղից մատակարարեր «Սզնի» ընկերությունը (ընդհանուր առմամբ, խոսքը 1.344.000 դրամի արժողության «Ցեֆտրիաքսոն» դեղի խմբաքանակի մասին է)։

Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ միանգամից նման շռալ ու առատաձեռն մոտեցում չի դրսեւորվել մատակարարվելիք դեղորայքի ամբողջ ցանկի «երկայնքով», այլ միայն մեկ տեսակն է ձրի տրամադրվել։

Դե, ինչեւէ, նվիրել է։ Ինչպես ասվում է, ավել դեղը հիվանդանոցի փորը չի ծակի։ Բայց։ Բուժհաստատության ղեկավարությունը «Սզնի» ՍՊԸ-ին առաջարկել է պայմանագիր կնքել ոչ թե 11, այլ 10 անուն դեղորայքի մատակարարման համար: Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այդպիսով բուժհաստատությունը փոխել է ապրանքների ձեռքբերման ու վճարման պայմանները եւ հակաիրավական քայլ է կատարել։

Այս հարցով Ս.Սաֆարյանի նախորդ դիմումներին ու հայտարարություններին դատախազությունը, ապա նաեւ Լոռու մարզպետարանը պատասխանել էին, թե օրենքի խախտում թույլ չի տրվել։ Սակայն նա շարունակում է հարցը պահել օրակարգում»