Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սուկ Յոլը կիրակի հայտարարել է, որ կհրաժարվի լեռան վրա գտնվող Կապույտ տուն նախագահական նստավայրից եւ իր գրասենյակը կտեղափոխի Սեուլի կենտրոն՝ հանրության հետ կապերի բարելավման ջանքերի նպատակով, տեղեկացրել է AP-ը։
Նախագահի նստավայրի տեղափոխումը նորընտիր նախագահի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն էր։ Ավելի վաղ երկրի նախկին դատախազը հայտարարել էր, որ Կապույտ տան գտնվելու վայրը եւ դիզայնը նպաստում էին այն քննադատություններին, թե Հարավային Կորեայի նախագահները կտրված են հասարակությունից եւ չափից ավելի շատ իշխանություն ունեն։
Կապույտ տանը նախագահի խորհրդականների եւ մյուս պաշտոնյաների աշխատասենյակները, ինչպես նաեւ մամուլի համար նախատեսված սենյակը նույն շենքում չէին, որտեղ աշխատում էր նախագահը։
Կիրակի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում Յունն ասել է, որ նախագահի նստավայրը կտեղափոխի Սեուլի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարության շենք եւ կսկսի աշխատել այնտեղ։ Հարավային Կորեայի նորընտիր նախագահի խոսքով՝ պաշտպանության նախարարության պաշտոնյաները կտեղափոխվեն համալիրի տարածքում գտնվող Շտաբների պետերի միավորված կոմիտեի շենք, իսկ կոմիտեի աշխատակիցները աստիճանաբար կտեղափոխվեն ռազմական հրամանատարության՝ Սեուլից ոչ հեռու գտնվող կենտրոն։
Յունն ասել է, որ նախագահի նոր նստավայրի կողքին կգործի հսկայական հանրային այգի, եւ որ հասարակ քաղաքացիները կկարողանան մոտ տարածությունից նայել իր աշխատասենյակին։ Նա նշել է, որ նախատեսում է նախագահի նոր նստավայրում ստեղծել մամուլի կենտրոն եւ հաճախ հրավիրել լրագրողներին։




























