ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ասել է Պետդումայում ՌԼԴԿ-ի խմբակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպինը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը բուժումը եւ վերականգնումը շարունակում է բժիշկների պլանի համաձայն։ Ավելի վաղ Telegram-ալիք 112-ը եւ РЕН ТВ-ի եւ «Известия»-ի աղբյուրները տեղեկացրել էին, որ բժիշկները Ժիրինովսկուն երկրորդ անգամ կոմայի վիճակի մեջ են մտցրել։

«Վլադիմիր Ժիրինովսկու վիճակն ավելի չի վատացել։ Նա շարունակում է բուժումն ու վերականգնումը, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,- ՏԱՍՍ-ին ասել է Ալեքսանդր Դյուպինը։

РЕН ТВ-ի զրուցակցի խոսքով՝ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը վատացել է, նրա մոտ սեպսիս է սկսվել։ «Բժիշկները նրան նորից դեղորայքային կոմայի վիճակի մեջ են մտցրել»,- տեղեկացրել է РЕН ТВ-ի աղբյուրը։ Telegram-ալիք 112-ը նշել է, որ ՌԼԴԿ-ի առաջնորդը ծայրահեղ վիճակում է. նրա թոքերն այտուցվել են։

Ժիրինովսկին փետրվարի 2-ից բուժում է ստանում Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Մարտի 11-ին ՏԱՍՍ-ի եւ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները  տեղեկացրել էին, որ Ժիրինովսկուն դեղորայքային քնի վիճակի մեջ են մտցրել։ Գործակալությունների զրուցակիցները հավաստիացրել էին, որ ՌԼԴԿ-ի առաջնորդը գիտակցության է եկել, օգնականից ստացել է փաստաթղթեր եւ ծանոթացել է նորություններին։