Հայաստանի ԱԻՆ փրկարարները տարհանել են ձյան մեջ խրված իրանական ավտոբուսների ու բեռնատարների վարորդներին ու ուղեւորներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքը հայտնվել է առատ ձյան գոտում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։
Մկրտչյանի խոսքով՝ ձյան մեջ խրված ավելի քան 500 մեքենաների մեջ եղել են Իրանից ժամանած ավտոբուսներ եւ բեռնատարներ։ Փրկարարները ավտոբուսների ուղեւորներին տեղափոխել են մոտակա քաղաքներ՝ Կապան, Վայք, որտեղ նրանք կարողացել են ապահով սպասել մինչեւ վատ եղանակն անցնի։ Փրկարարները գրեթե շուրջօրյա են աշխատել»,- ասաց կենտրոնի ղեկավարը։
Արսեն Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում ձյան տեղումները հազվադեպ չեն, սակայն վերջին տասը տարիների ընթացքում նման հաճախականություն ու ինտենսիվություն չի հիշում։
«Սարավանի տարածքում նույնիսկ ԱԻՆ-ի մեքենաները չեն կարողացել անցնել։ Մարդկանց ձնագնացներով են տարհանել։ Այդ թվում իրանական բեռնատարների մի քանի վարորդների»,- հայտնեց Մկրտչյանը։











