Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի եւ նրա ապագայի շուրջ բոլոր քննարկումները պահանջված են, քանի որ համաշխարհային եւ տարածաշրջանային վերջին իրադարձությունները նոր մարտահրավերներ են դնում հայ ժողովրդի առջեւ։ Այս մասին մարտի 21-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Խորհրդարանականի կարծիքով՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղում ստեղծված իրավիճակը լուրջ վերլուծության կարիք ունի։ Հատկապես բնակչության անվտանգության ապահովման, կորցրած պաշտպանունակության վերականգնման տեսանկյունից։
«Թեեւ խորհրդարանների միջեւ համագործակցության որոշակի ակտիվություն կա, այնուհանդերձ, մեր քննարկումները չեն կարող միայն կրթության, մշակույթի եւ տեխնոլոգիաների թեմաներով սահմանափակվել»,- նշել է Ստեփանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ղարաբաղի սահմանամերձ շրջանների անվտանգության ամրապնդման եւ հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերը քաղաքական օրակարգում պետք է ներառվեն։ Դրանց շուրջ պետք է մտքերի փոխանակում իրականացվի, իսկ համապատասխան մարմինների համար առաջարկվող գաղափարները պետք է գործողությունների ծրագիր դառնան։





























