Թուրքիայի ներուժը սեփական Սիլիկոնային հովիտ ստեղծելու մակարդակի վրա է, երբ խոսքը վերաբերում է թվային հարթակներին, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հայտարարելով, որ կառավարությունը «թվային մոբիլիզացիա» է սկսում։

«Ես հաջորդ շրջանը թվային մոբիլիզացիայի շրջան եմ հայտարարում»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով մետատիեզերքի վիրտուալ աշխարհին նվիրված հանդիպման ժամանակ:

Էրդողանի խոսքով՝ մետատիեզերքը եւ նմանատիպ հարթակները, հնարավոր է, ապագա սերունդների անբաժանելի մասը դառնան, եւ Թուրքիային անհրաժեշտ են ձեռներեցներ ու երիտասարդներ, որոնք այս ոլորտում առաջ կմղեն երկիրը։

Աշխարհը շարժվում է դեպի թվային տեխնոլոգիաների վրա հիմնված նոր դարաշրջան, եւ կառավարությունը պարտավոր է իր ժողովրդին «առավել ճիշտ, անվտանգ, ուժեղ եւ լավ հագեցած միջոցներով» նախապատրաստել այս անխուսափելի ապագային,- նշել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ բացի տեխնոլոգիական ենթակառուցվածքի կառուցումից, կառավարությունը ցանկանում է ապահովել բովանդակության ստեղծում, որը կարող է օգտագործվել Թուրքիայում եւ, ի վերջո, ամբողջ աշխարհում։

«Ինսայդերները բոլորից լավ գիտեն, թե որքան վատն է այսօր թվային աշխարհը: Նույնիսկ կարտելներ դարձած սոցիալական ցանցերի հարթակներում իրավաբանական եւ բարոյական իրավիճակները ամենապարզ ապացույցն են, որ մենք պետք է գնանք մեր ճանապարհով»,- ասել է Էրդողանը` ընդգծելով թվային հարթակների իրավական հիմքի անհրաժեշտությունը: