ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս շաբաթ Եվրոպա իր այցի ընթացքում կփորձի ընդգծել միասնությունը, հայտնում է Սպիտակ տունը։ Բայց Բայդենի օգնականները երբեք չեն դիտարկել Ուկրաինա այցի հնարավորությունը, իսկ նախագահը նախկինի պես դեմ է երկիր ամերիկյան զորքեր մտցնելուն։

Մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ Բայդենը Բրյուսել եւ Վարշավա այցի ժամանակ հույս ունի ընդգծել Արեւմուտքի հետ համագործակցությունը։ «Դրա արդյունքում նախագահը հուսով է հասնել համակարգումը շարունակելու եւ նախագահ Պուտինի շարունակվող էսկալացիոն գործողություններին միասնական պատասխանի»,- նշել է նա:

Պատասխանելով Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու Լեհաստանի առաջարկի մասին հարցին՝ Փսակին ենթադրել է, որ նման քայլը կարող է հակասել Բայդենի գծին:

«Մենք, իհարկե, կշարունակենք աշխատել Լեհաստանի եւ Եվրոպայում այլ դաշնակիցների ու գործընկերների հետ, որպեսզի աջակցենք ուկրաինացի ժողովրդին եւ օգնենք նրան պաշտպանել իր երկիրը ռուսական ագրեսիայից, օգնություն տրամադրենք Ուկրաինայի ժողովրդին, եւ մենք կշարունակենք ծանր հետեւանքներ պարտադրել․․․ Նախագահը հստակ ասել է, որ մենք չենք պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել։ Դա չի բխում ամերիկյան ժողովրդի կամ մեր ազգային անվտանգության շահերից, սակայն մենք կշարունակենք քննարկել մի շարք գաղափարներ, այդ թվում՝ սա»,- ասել է նա։

Ուկրաինայի մի շարք առաջնորդներ կոչ են արել Բայդենին Եվրոպա իր ուղեւորության շրջանակներում այցելել Ուկրաինա։ Բայց Փսակին ասել է, որ այդ տարբերակը երբեք չի դիտարկվել։ «Մենք չենք դիտարկել այդ տարբերակը»,- ասել է նա՝ վկայակոչելով անվտանգությունը եւ «հսկայական քանակությամբ ռեսուրսները», որոնք կպահանջվեն դրա համար: