Հայաստանի կառավարությունը պետական բյուջեից 7 մլն դրամ կհատկացնի` ընտրական օրենսգրքի լրացուցիչ 10 հազ. օրինակ տպելու եւ անվճար կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրելու համար:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` այս հարցն արդարադատության նախարարի առաջարկությամբ մտել է կառավարության հուլիսի 28-ի նիստի օրակարգ: Գումարները պետք է հատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Արդարադատության նախարարը սույն որոշումը հիմնավորում է նրանով, որ 2012 թվականի ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու է 14000 անդամ: ԿԸՀ-ն պարտավոր է իրականացնել ուսուցում հանձնաժողովների անդամների ու տեղական դիտորդների համար:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ընդունված նոր ընտրական օրենսգրքով փոխվել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը` դրանք ոչ թե կհամալրվեն կուսակցական, այլ մասնագիտական սկզբունքով: