Նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքն իրականության հետ ոչ մի կապ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Այս դատարանում արդարադատություն չի իրականացվում։ Դատարանն ապօրինի որոշումներ է կայացնում»,- շեշտեց փաստաբանը։ Նա հիշեցրեց, որ դատարանը գիտի, որ Արմեն Գեւորգյանը պատգամավոր է եւ նշել է այն օրերը, որոնց համար խնդրում է նիստեր չնշանակել, սակայն դատարանը, այնուամենայնիվ, նշանակում է այդ օրերը՝ առանձնահատուկ բացասական վերաբերմունք ցուցաբերելով:
«Մեղադրանքն իրականության հետ ոչ մի կապ չունի: Դատախազները հրաժարվում են այն պարզաբանել, քանի որ եթե պատասխանեն, ստիպված կլինեն անմիջապես հրաժարվել մեղադրանքից։ Այն ի սկզբանե անօրինական էր: Նման դեպք ընդհանրապես չի եղել։ Հանցագործությունը շինծու է: Ուստի դատախազը ոչինչ չի կարող պարզաբանել»,- հայտարարեց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ դատարանի պարտականությունն է այնպես անել, որպեսզի մեղադրանքը պարզ լինի: Հակառակ դեպքում պաշտպանությունը հնարավոր չէ, խախտումն ակնհայտ է եւ որոշումն անօրինական կլինի:











