Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մանրամասների բացահայտումը կարող է վնաս հասցնել գործընթացին, ուստի նրանք չեն կիսվի մանրամասներով, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Մենք համոզված ենք, որ ներկայումս դրանց հրապարակումը կարող է միայն վնաս հասցնել բանակցային գործընթացին, որն ընթանում է շատ ավելի դանդաղ եւ պակաս բովանդակային, քան ակնկալվում էր»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայում համազգային հանրաքվեի անցկացման հեռանկարին, Պեսկովը նշել է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է եւ կարող է ունենալ ներպետական ընթացակարգեր, եւ, բացի այդ, կան նաեւ նախահիմքեր, որոնք գտնվում են երկու պատվիրակությունների բանակցությունների փուլում։ «Ես չեմ կարող մանրամասներ հայտնել»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ աշխատում է Կրեմլում, հանդիպումներ ու համաժողովներ է անցկացնում եւ մշտապես տեղեկատվություն է ստանում «ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հատուկ ռազմական գործողության գծով»։





























