2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով հարցաքննվել է եւս 200 վկա: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության հետաքննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը լրագրողների համար «բաց դռների օրեր» է հայտարարել, որի նպատակը «մարտի 1-ի» գործով ընթացող քննության մասին հասարակությանն ավելի լայն տեղեկատվություն տալն է: Հարությունյանի խոսքով, հարցաքննված վկաների թվում կան ինչպես նոր վկաներ, այնպես էլ նախկինում հարցաքննված վկաներ:

Կրկնակի հարցաքննությունների նպատակը առկա վկայությունները ճշտելն է, ինչպես նաեւ կապված է նոր ասպարեզ եկած տեսանյութերի հետ, որոնք վերաբերում են 10 սպանություններին:

Հարությունյանը նկատել է, որ դեռ չկան այնպիսի վկայություններ, որոնք հույս կտան 10 սպանությունները բացահայտելու համար, սակայն աշխատանքները շարունակվում են: Նա կրկին հայտարարեց, որ հատուկ միջոցների կիրառումը, որի հետեւանքով մարդիկ են սպանվել, օրինական է եղել:

«Թե ինչպես են կոնկրետ մարդիկ դա օգտագործել` այլ հարց է: Չպետք է խառնել կոնկրետ մարդկանց գործողությունները եւ ընդհանուր գործողությունները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել է Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին: Նույն օրը երեկոյան ոստիկանության եւ բանակի ստորաբաժանումները ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով սպանվել է 10 մարդ: Հայտնի են այն 4 ոստիկանների անունները, որոնք հատուկ միջոցներ են կիրառել (Չերյոմուխա), որից սպանվել է 3 ցուցարար: