ԵՄ երկրները ԵՄ ինստիտուտներում կիբեռանվտանգության ռիսկերը կառավարելու համար կառույց պետք է ստեղծեն, քանի որ կիբեռգրոհների թիվը մտահոգության տեղիք է տալիս, դրանք կարող են խափանել հիմնական ծառայությունների աշխատանքը եւ գաղտնի տեղեկատվություն գողանալ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Առաջարկությունը Եվրահանձնաժողովի կանոնների նախագծերի «Կիբեռանվտանգության կանոնակարգ» կոչվող փաթեթի մի մասն է, որը նաեւ ուղղված է Կիբեռանվտանգության խորհրդի ստեղծմանը՝ նոր կանոնների կատարումը վերահսկելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Կիբեռանվտանգության մեկ միջադեպը կարող է ազդել մի ամբողջ կազմակերպության վրա: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ուժեղ պաշտպանություն ստեղծել կիբեռսպառնալիքներից եւ միջադեպերից, որոնք կարող են խախտել մեր գործելու ունակությունը»,- ասվում է բյուջեի հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի հայտարարության մեջ:
Կանոնների նախագծի համաձայն՝ ԵՄ բոլոր ինստիտուտները, մարմինները եւ գործակալությունները պետք է բացահայտեն կիբեռանվտանգության ռիսկերը, իրենց կիբեռանվտանգությունը բարելավելու ծրագիր մշակեն, կանոնավոր գնահատումներ կատարեն եւ փոխանակեն միջադեպերի վերաբերյալ մանրամասները։
Եվրոպական հանձնաժողովը նաեւ առաջարկել է տեղեկատվական անվտանգության կանոնակարգ, որը ԵՄ բոլոր կառույցների համար նվազագույն կանոններ եւ չափորոշիչներ կստեղծի:
Ավելի վաղ ԵՄ նախարարները կոչ էին արել կիբեռանվտանգության արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնադրամ ստեղծել՝ լայնածավալ կիբեռհարձակումներին հակազդելու համար։





























