Արտերկրում ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ է կալանվել՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Մենք երկրում ունեինք ընդհանուր առմամբ 1367 ինքնաթիռ (մինչեւ պատժամիջոցները): Մենք կորցրեցինք 78 ինքնաթիռ, որոնք կալանվել են թռիչքի ժամանակ»,- ասել է Սավելեւը Դաշնային խորհրդի՝ տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ:

Նա նշել է, որ ինքնաթիռները կալանվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում։

Սավելեւի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ինքնաթիռների հետգնման շուրջ բանակցել արեւմտյան լիզինգային ընկերությունների հետ, սակայն նրանք բանակցությունների չեն գնում։ Այս պայմաններում Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ավիապարկը տեղափոխել ռուսական ռեգիստր։ «Մենք արդեն փոխանցել ենք (ռուսական ռեգիստր) գրեթե 800 օդանավ, մենք դրանք ապահովագրում ենք ռուսական վերաապահովագրական ընկերություններում, որոնք գտնվում են Կենտրոնական բանկի ենթակայության տակ։ Մենք օրինական ճանապարհներ ենք փնտրում լիզինգատուների հետ բանակցելու եւ այս հարցը լուծելու համար, սակայն մինչ այժմ դա մեզ չի հաջողվել։ Կա արգելք եւ վերադարձի պահանջ, նրանք չեն ցանկանում բանակցություններ սկսել փոխհատուցման եւ ռուսական ավիաընկերությունների կողմից իրենցից օդանավերի հետգնման շուրջ»,- ասել է Սավելեւը։

«Այնուամենայնիվ, մենք հույսը չենք կորցնում եւ նրանց չենք տա օդանավերը, քանի որ դա կնշանակի մնալ առանց ավիացիայի։ Դուք սա հասկանում եք, ուստի կառավարությունը նման որոշում է կայացրել»,- հավելել է նա։

Նա նշել է, որ թռիչքները շարունակվում են, բայց ինչ-որ փուլում ավիափոխադրողներն ինքնաթիռների մասերի կարիք կունենան։ Նրա խոսքով՝ իշխանությունները այս հարցի լուծում են փնտրում՝ ներկայումս որպես ուղենիշ օգտագործելով Իրանի փորձը, որը երկար տարիներ գտնվում է պատժամիջոցների ներքո։